Հունիսի 27-ին մեկնարկած «Ֆրեսկոն» այս տարի ավանդական վրանային կինոճամբարն անցկացրեց Հառիճավանքի տարածքում: Երեք օր՝ հուլիսի 2- 4-ին, Երևանից ժամանած խմբերն ու տեղացիները (շուրջ 160 հոգի) բացօթյա կինոդիտումների, համերգների ու քննարկումների մասնակիցը դարձան:
Փառատոնում ներկայացված արտասահմանյան կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի ցուցադրությունից բացի՝ կինոճամբարի մասնակիցները հնարավորություն ունեցան դարձյալ դիտելու Սանկտ Պետերբուրգից հրավիրված ավազանկարչուհի Դարյա Կոտյուխի ավազե անիմացիոն շոուն, Արևմտյան Հայաստանում արված լուսանկարների ցուցահանդեսը, մասնակցելու ազգագրական երգ ու պարի համերգին, ինչպես նաև ասեղնագործության վարպետության դասին:
«Ես Հայաստանից դեռ չեմ գնացել, բայց արդեն հետ վերադառնալու հնարավորություն եմ փնտրում: Այստեղ զարմանալի մարդիկ են ապրում` զարմանալի աչքերով: Այս օրերին շատ եմ շրջել ու շփվել մարդկանց հետ: Այնպիսի աչքեր, ինչպիսին հայերինն են, երբեք որևէ տեղ չեմ հանդիպել: Կարծում եմ` պատահական չէր, որ ես հայտնվեցի Հայաստանում ու մասնակցում եմ այսպիսի գաղափարախոսությամբ փառատոնի»,- ասում է Դմիտրի Բրիկմանը:
Երևանյան բացօթյա կինոդիտումներով, վարպետության դասերով, համերգներով, հանդիպումներով, մարզային վրանային կինոճամբարով և, իհարկե, գիշերային խարույկով «Ֆրեսկոն» մոտենում է ավարտին:
Փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենան հուլիսի 5-ին` ժամը 20:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի կազմակերպիչներն են «Ֆորմիկա Արտ» ընկերությունը և «Ծիածան» ՀԿ-ն: Այս տարի այն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ: